Encyclopedia

Սևանա լիճ

Երկարություն`   78 կմ
Լայնություն`   56 կմ
Մակերես `  1243 կմ2
Ծավալ`   33.2 կմ3
Ամենամեծ խորություն`   100 մ
Միջին խորություն`   30 մ
Թափանցելիություն`   4.5 մ
Ավազանի մակերես`   3647 կմ2

Սևանա լիճ (նաև`   Գեղամա ծով)՝ լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լուխմիտա անուններով: Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի, բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը: Աշխարհի քաղցրահամ ջուր ունեցող ամենաբարձրադիր լճերից մեկն է։ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա։ Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լիճն առաջացել է 3-րդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր: Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 50-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները։

 

Ձկնատեսակները
Լճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով`   գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ: Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համար կենսաբանական պայմանները խիստ վատացել են: Այն այժմ ոչնչացման եզրին է և գրանցված է Կարմիր գրքում: 1924 թվականից Լադոգա և Չուդ լճերից Սևան է բերվել սիգը, որը շատ արագ բազմացավ և ունի արդյունագործական նշանակություն: Սևանի ձկնատեսակներից է նաև կողակը: Ջրի մակարդակի իջնելը, որը 1950 թվականից էներգետիկ կարիքների և ոռոգման նպատակով լճից մեծ քանակությամբ ջրի բաց թողնման հետևանք էր: Այն հանգեցրեց շատ ձկնատեսակների ոչնչացման, ափամերձ հատվածների ճահճացման և բնապահպանական աղետի իրական վտանգի առաջացման: 80-ականներին լճից ջրի բացթողումը էապես կրճատվեց, և կառուցվեց 48 կիլոմետր երկարությամբ Արփա-Սևան թունելը`   Արփա գետի ջրերը լիճ տեղափոխելու համար: Այդուհանդերձ, լճի ներկայիս մակարդակը 11 մետրով ցածր է նախնականից, որը 2000 մետրով բարձր է եղել ծովի մակերևույթից: Լճի իջնելուն համընթաց բարձրանում է նաև ջրի ջերմաստիճանը և այդ պատճառով տուժում են ձկներն ու բուսատեսակները, որոնք սովոր էին սառը ջրին:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.